ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
   ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ու Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովին մասնակցում էին տարբեր բուհերի ու ակադեմիական ինստիտուտների ներկայացուցիչներ, գիտնականներ Ռուսաստանից և Բելառուսից:

  Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը, ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը, Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Ացամազ Բիչենովն ու կենտրոնի ռուսաց լեզվի և կրթության վարչության պետի տեղակալ Աննա Մարգարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր:

http://www.ysu.am/news/hy/International-conference-at-YSU-dedicated-to-N–Sisakyan