ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը «Green AgriTech Startup Clash 2021» մրցույթում ստացել է մրցանակ՝ ներկայացնելով «MiCoFe» օրգանական պարարտանյութի ստարտափ նախագիծը:
«Green Agri-Tech Startup Clash 2021» ծրագրի նպատակն է զարգացնել գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ նոր մտահղացումները, աջակցել նորագույն տեխնոլոգիաների լայն կիրառմանը, ինչպես նաև ներգրավել տաղանդավոր մարդկանց՝ կյանքի կոչելու իրենց նորարարական գաղափարները:
ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմի կողմից ներկայացված «MiCoFe»-ն ստարտափ նախագիծն առաջարկում է նորարարական արտադրանք, որտեղ կիրառվում են օգտագործված սուրճի մնացորդները և Հայաստանի հողերից մեկուսացված այնպիսի մանրէներ, որոնք էնդեմիկ են և կարող են որպես կենսապարարտանյութ ծառայել: «Green Agri-Tech Startup Clash 2021» մրցույթի առաջին փուլում դիմել է 96 թիմ, որոնցից հանձնաժողովն ընտրել է 10-ին: Արդեն փետրվարի 20-ին ընտրված թիմերը ներկայացրել են իրենց գաղափարները, որոնցից էլ ընտրվել են հաղթող 3 մրցանակակիրները: Նրանց տրվելու են միջոցներ, որոնք կնպաստեն նախագծի հետագա զարգացմանը և թեստավորմանը:
Որպես նախագծի վերջնարդյունք՝ թիմն ակնկալում է ստանալ թափոնների վերամշակման հիմքով լիարժեք օրգանական պարարտանյութ. «Մեզ համար առաջնային են թափոնների կիրառությունը և Հայաստանում կենսաբանական հիմքով շրջանաձև տնտեսության ստեղծումը»:
ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն, թիմի անդամ Կարեն Թռչունյանն ասաց, որ ի սկզբանե կենտրոնի կազմավորման հիմնական նպատակներից մեկը եղել է այն, որ ստեղծվի հնարավորություն՝ նպաստելու ուսանողների նորարարական գաղափարների զարգացմանը և հնարավորության սահմաններում դրանց հետագա թեստավորմանը: