Այսօր մեկնարկել է Ամերիկայի մանրէաբանական ընկերության ու Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի համատեղ ջանքերով կազմակերպված քառօրյա աշխատաժողովը՝ «Մանրէները առօրյա կյանքում. պրակտիկ հմտություններ դպրոցից դեպի համալսարան» խորագրով:
Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն, Հայաստանում Ամերիկայի մանրէաբանական ընկերության դեսպան Կարեն Թռչունյանը տեղեկացրեց, որ աշխատաժողովի 4 օրերի ընթացքում նախատեսվում են ոչ միայն դասախոսություններ, այլև լաբորատոր աշխատանքներ՝ գործնական հմտություններ ձեռք բերելու նպատակով:
Նա նշեց, որ աշակերտները բաժանվելու են խմբերի, տարբեր փորձեր կատարեն, վերջում հաղթողները, ինչպես նաև մասնակից ուսուցիչները ստանալու են մրցանակներ ու հավաստագրեր, իսկ աշխատաժողովի վերջին օրն աշակերտները շրջելու են ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում՝ ծանոթանալու համալսարանի պատմությանը:
«Աշխատաժողովի նպատակն է բարձր դասարանների աշակերտներին տեղեկացնել մանրէաբանության արդի նորություններին՝ դրանով փորձելով հանրայնացնել մանրէների դերը, որովհետև մեր առօրյայում մանրէների ունեցած դերի մասին շատ քիչ տեղեկատվություն կա»,- ասաց Կ. Թռչունյանը:
Դասախոսությունից հետո ցուցադրվեց մանրէների մասին Ամերիկայի մանրէաբանական ընկերության կողմից նկարահանված փոքրիկ տեսահոլովակ, որից հետո առօրյա կյանքում մանրէների ունեցած դերի մասին դասախոսություն կարդաց Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը՝ ավելի շատ անդրադառնալով վերջիններիս ունեցած դրական նշանակությանը. «Մեր գործառույթն է բացահայտել մանրէների իրական դերը, հասկանալ, որ վերջիններս կարող են ինչպես օգուտ տալ մարդկանց, այնպես էլ սպանիչ հատկություններ ունենալ, բայց դա բնական է»: