Մեր թիմը մասնակցել է «UNDP ImpactAIM»-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և ISTC – Innovative Solutions and Technologies Center Foundation-ի կողմից կազմակերպված «Climate Change Tech Accelerator (CCTA)» աքսելերացիոն ծրագրին, ներկայացրել «Թափոններից կենսաջրածին» ստարտափ նախագիծը և դարձել մրցանակակիր:
«Climate Change Tech Accelerator (CCTA)» աքսելերացիոն ծրագրի նպատակն է տրամադրել ռեսուրսներ, կազմակերպել մենթորշիփներ և այդպիսով աջակցել ստարտափներին, որոնք առաջարկում են կլիմայական ռեսուրսների արդյունավետ կիրառման նախագծեր: Ծրագրի կազմակերպիչների կարծիքով, կարելի է աշխարհն ավելի լավը դարձնել, որի համար անհրաժեշտ է մեկտեղել տեխնոլոգիական և նորարարական գաղափարներն ու լուծումները:
«Climate Change Tech Accelerator (CCTA)» ծրագիրը մեկնարկվել է դեռևս դեկտեմբերին: Մրցույթի առաջին փուլին մասնակցել է աշխարհի ավելի քան 30 թիմ: ԵՊՀ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը ներկայացրել են կ. գ. թ. Սաթենիկ Միրզոյանը (թիմի ավագ), ասպիրանտ՝ Հեղինե Գևորգյանը, մագիստրոսներ՝ Լիանա Վանյանը և Հռիփսիմե Պետրոսյանը: Թիմի խորհրդատուն է եղել կ. գ. դ., դոցենտ Կարեն Թռչունյանը:
Ծրագրի առաջին փուլում բոլոր թիմերը մասնակցել են մասնագիտական քննարկումների և աշխատաժողովների, որից հետո նրանք ներկայացրել են իրենց գաղափարները։ Գաղափարների ներկայացումից հետո հանձնաժողովն ընտրել է լավագույն 7 թիմերին՝ 4 հայկական և 3 արտասահմանյան: Երկրորդ փուլում արդեն ունեցել ենք անհատական հանդիպումներ և խորհրդատվություններ մենթորների հետ:
Թիմի ավագ Սաթենիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թիմը ներկայացրել է «Թափոններից կենսաջրածին» նախագիծը, որն առաջարկում է տեխնոլոգիա, որի միջոցով կարելի է տարբեր օրգանական թափոնների կիրառումից ստանալ կենսաջրածին, ինչի շնորհիվ էլ կարելի է էլեկտրականություն ստանալ էկոլոգիապես մաքուր ճանապարհով: Սաթենիկ Միրզոյանը վստահեցրեց, որ առաջարկած տեխնոլոգիան հիմնված է գիտահետազոտական տարբեր փորձերի վրա. «Մեր թիմը գիտական տարբեր ուսումնասիրություններ է իրականացնում այս թեմայով: Ունենք տպագրված բազմաթիվ գիտական հոդվածներ ազդեցության բարձր գործակից ունեցող միջազգային ամսագրերում», – հավելեց նա: Առաջարկված նախագիծը հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել և դարձել երկու մրցանակային տեղերից մեկի հաղթողը՝ ստանալով 5.000 $ (հինգ հազար ամերիկյան դոլար)-ի չափով դրամաշնորհ:
Մրցանակը կօգնի հետագայում առավել խորացնել հետազոտությունները, և քայլեր ձեռնարկել տեխնոլոգիան առավել լայնամասշտաբ փորձարկելու և ավելի արդյունավետ դարձնելու համար: